Շարժական ԻՀԿ

«Շարժական ինտերնետ կայան»ը մի հետաքրքիր նորարական ծրագիր է «Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի» շրջանակներում, որի փորձնական փուլը 2004թ. հունիս - 2005թ. հուլիս ժամանակահատվածում իրականացվեց «Փրոջեքթ Հարմոնի»-ի հայկական մասնաճյուղի կողմից: 2005թ. հուլիս ամսվանից կազմակերպությունը ծրագիրը փոխանցեց «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամին, որը հանդիսանում է կազմակերպության ենթակապալառուն — «Փրոջեքթ Հարմոնի»-ի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի» տեխնիկական բաղադրիչները: «Շարժական ինտերնետ կայան»ի ծրագրի հետագա զրագացումների ընթացքին կարող եք հետեւել «Հարմոնիա» հիմնադրամի www.hf.am ինտերնետային կայքում:


«Շարժական ինտերնետ կայան» ծրագրի պատմությունը
«Շարժական ինտերնետ կայան»ն իր տեսակի մեջ առաջինն է ոչ միայն Անդրկովկասում, այլ նաեւ նախկին Խորհրդային Միությունում: Այն ինտերնետ կապ է տրամադրում Հայաստանի հեռավոր վայրերում տեղակայված դպրոցներին, որոնք իրենց աշխարհագրական դիրքի պատճառով միացված չեն ինտերնետին:

«Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի» շրջանակներն զգալիորեն ընդարձակվեցին ծրագրում իրազեկության բարձրացման հնարավարություններ ստեղծող շարժական ինտերնետ տեխնոլոգիաների ներդրմամբ: Շարժական ինտերնետ կայանը իրենից ներկայացնում է համակարգչային դասասենյակի վերածված մի բեռնատար մեքենա` 5 աշխատանքային տեղերով, տպող սարքով, սկաներով, թվային ֆոտոխցիկով եւ արբանյակային կապով: Երկու վերապատրաստված մասնագետներ աշակերտների եւ ուսուցիչների, ինչպես նաեւ համայնքի անդամների համար կազմակերպում են դասընթացներ` ներկայացնելով տեխնիկական ռեսուրսների գործնական առավելություններն ու հիմնական արժեքները, որ «Շարժական ինտերնետ կայանը» առաջարկում է Հայաստանի հեռավոր համայնքներին: Այն մարզը, որը պետք է սպասարկի «Շարժական ինտերնետ կայանը», ընտրվում է բաց մրցույթի արդյունքում:


Ծրագրի առաջին փուլի հաղթող էր ճանաչվել Գեղարքունիքը` Ճամբարակի եւ Վարդենիսի միջեւ տեղակայված 20 համայնքներով (Երեւանը իրավասու չէր մասնակցել մրցույթին): Մրցույթի մասնակցության հայտադիմումները նախագծի ներկայացման ժամանակ բաժանվել էին տեղական ինքնակառավարման պաշտոնյաներին: Մարզերի հայտադիմումների ներկայացման համար պատասխանատու էին մարզային կրթական բաժնի վարիչները: Հայտադիմումների ներկայացմանը հաջորդեց երկրորդ փուլը` հարցազրույց մարզպետների եւ կրթության բաժնի վարիչների հետ: Ընտրական հանձնաժողովը, քննարկելով հարցազրույցների եւ դիմումների արդյունքները, ընտրեց Գեղարքունիքի մարզը ծրագրի առաջին փուլի համար:



Դասընթացների առաջին փուլը սկսվեց 2004թ. հունիսի 14-ին եւ ավարտվեց հոկտեմբերին 16-ին: Այս ժամանակահատվածում մարզի 21 գյուղերում (16-ը Վարդենիսում եւ 5-ը Ճամբարակում) դասընթացները տեւեցին 99 օր` ներառելով ավելի քան 1000 ժամ ծրագրային փաթեթի օգտագործում եւ 700 ժամ դասընթացներ (համակարգիչների օգտագործում): Դասընթացներն օգուտ բերեցին 516 համայնքի անդամի, այդ թվում 361 երեխաների: Ծրագրի այս փուլում հիմնական համակարգչային դասընթացի 6-7 ժամ տեւողությամբ հատուկ կուրս էր մշակված այն մարդկանց համար, ովքեր բացարձակապես անծանոթ էին համակարգչին: Այն ներառում էր հետեւյալ թեմաները. համակարգչի օգտագործումը, «Word» ծրագրի օգտագործումը, ինտերնետ, էլ-փոստ եւ այլն: Ներածական փուլի ամրապնդման եւ մասնակիցների` առաջին փուլի արդյունքում ձեռք բերած գիտելիքների շարունակական զարգացման համար նույն` Գեղարքունիքի մարզում մեկնարկեց շարժական ինտերնետ կայանի շրջագայության երկրորդ փուլը: Այն սկսվեց 2005թ. փետրվարի 1-ին եւ ավարտվեց նուն թվականի հուլիսի 6-ին: Լրացուցիչ համակարգչային դասընթացներ անցկացվեցին Վարդենիսի 11 եւ Ճամբարակի 4 գյուղում: Շարժական ինտերնետ կայանի աշխատակիցներն ընդհանուր առմամբ մարզում անցկացրին 132 օր:
Շարժական ինտերնետ կայանը համայնքներին տրամադրել է տեղեկատվության եւ հաղորդակցման լայն հնարավորություններ, գյուղական համայնքների աշակերտներին եւ ուսուցիչներին ապահովել է կապով, ինչը նախկինում անհնար էր, ինչպես նաեւ վերջիններիս հնարավորություն է ընձեռել մասնագիտական զարգացման համար հետագա ուսման ֆինանսական միջոցներ հայթայթել:
Հայաստանյան համայնքների զարգացմանը ծառայող «Շարժական ինտերնետ կայան» ծրագիրը ներկայումս ղեկավարվում է «Հարմոնիա» հիմնադրամի կողմից:





^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA