Ուսուցիչների և աշակերտների փոխանակումներ

Փրոջեքթ Հարմոնի կազմակերպությունը միջազգային փոխանակման ծրագրերի եւ դասընթացների միջոցով աջակցում է անհատներին ստեղծելու առողջ հասարակություն: Անցած երկու տարիների ընթացքում Փրոջեքթ Հարմոնին իրականացրել է չորս միջազգային փոխանակման ծրագրեր` հնարավորություն տալով մասնակիցներին հաղորդակցվել տարբեր մշակույթների, կրթական համակարգերի եւ նորմերի հետ: Յուրաքանչյուր փոխանակման ծրագրի մասնակիցների ընտրությունն, ըստ նախապես մշակված չափանիշների, ընթանում է բաց մրցութային կարգով` ներկայացված հայցադիմումի, անձնական հարցազրույցների եւ մասնագիտական թեսթերի արդյունքների ու մասնագիտական արժանիքների հիման վրա:

ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - 2
2005թ. հունիս- 2005թ. հունիս

2005 թ ամռանը, տասնհինգ ամերիկացի մանկավարժներ այցելեցին Հայաստան` մասնակցելու ԱՄՆ-ի եւ Հայաստանի մանկավարժների փոխանակման ծրագրին, որը իրականացվում է Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում: Այս փոխանակումը հնարավորություն ընձեռեց ամրապնդել հայ եւ ամերիկացի մանկավարժների միջեւ գոյություն ունեցող համագործակցությունը եւ խթանել նորերի հաստատմանը: Հայ մանկավարժները օնլայն ծրագրերի իրականացման միջոցով կհարստացնեն իրենց գիտելիքները` առավել արդյունավետ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները կրթական բնագավառում:

Հիմնվելով դիմումների եւ հարցազրույցների վրա` ընտրվեցին տասնհինգ հայ մանկավարժներ: Ընտրվելուց հետո հայ մանկավարժները 2005թ. հուլիս ամսվա կեսերին կարճ ժամկետով հյուրընկալեցին իրենց ամերիկացի գործընկերոջը: Այդ ընթացքում նրանք մշակեցին գործողությունների պլան իրենց գործընկերոջ հետ գալիք տարում օնլայն ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: ԱՄՆ մանկավարժները ծանոթացան Հայաստանի պատմությանը, մշակույթին ու կրթական համակարգին, իսկ հայ մանկավարժները իրենց հերթին հնարավորություն ստացան ամերիկացիների հետ անմիջական շփման եւ տարբեր Power Point ներկայացումների միջոցով ծանոթանալ ԱՄՆ-ի կրթական համակարգի, ապրելակերպի եւ ամերիկացի ժողովրդի այլ արժեքների հետ:

Թե հայ եւ թե ամերիկացի մանկավարժները մասնակցեցին տարբեր սեմինարների եւ գործնական պարապմունքների` ուղղված օնլայն ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Մասնակիցներից յուրաքանչյուրից կպահանջվի փոխանակման ծրագրից հետո կատարել որոշակի աշխատանք, որը ներառում է օնլայն գործունեություն (մեկ տարի տեւողությամբ մեկ կամ երեք կարճատեւ ծրագրեր) իրենց գործընկերոջ հետ, նվազագույնը մեկ նոր դպրոցի ներգրավում ծրագրում, ինչպես նաեւ խորհրդատվություն նոր ընտրված մանկավարժներին:

Փոխանակումը տեւեց տասնվեց օր, որին յուրաքանչյուր կողմից մասնակցեցին տասնհինգ մանկավարժներ: Փոխանակման հետեւանքով մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալ հայկական մշակույթին եւ հասարակությանը, հզորացնել գոյություն ունեցող համագործակցությունը, ամրապնդել մասնագիտական եւ անձնական հարաբերությունները դպրոցների եւ համայնքների միջեւ, հիմք դնել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հետագա համագործակցության եւ փոխանակումների համար:


Մանկավարժների Փոխանակման Ծրագիր ԱՄՆ-ում
Այս գարնանը, մարտի 28-ից ապրիլի 14-ը ընկած ժամանակահատվածում, 23 հայ մանկավարժներ երկու շաբաթ տեւողությամբ փոխայցելությամբ մեկնեցին ԱՄՆ: Փոխանակման առաջին փուլը տեղի էր ունեցել 2004թ հուլիս ամսին, որի շրջանակներում 23 ամերիկացի մանկավարժներ այցելեցին Հայաստան: Այդ ընթացքում նրանք հյուրընկալվեցին իրենց հայ գործխընկերների ընտանիքներում եւ նրանց հետ համատեղ մշակեցին օնլայն ծրագրեր: Փոխանակման առաջին փուլի արդյունքում հաստատվեցին մի շարք համագործակցություններ, իրականացվեցին օնլայն ծրագրեր տարբեր թեմաներով, ինչպես, օրինակ, քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության, երկու ժողովուրդների մշակութային եւ ավանդույթների նմանությունների ու տարբերությունների վերաբերյալ, եւ այլն:

ԱՄՆ այցելության ընթացքում, հայ մանկավարժները եղան Բոստոնի եւ ԱՄՆ-ի այլ քաղաքների պետական ու մասնավոր դպրոցներում, ներկա գտնվեցին ուսուցման գործընթացին եւ ուսումնասիրեցին դասապրոցեսում տեխնոլոգիաների ներմուծման ամերիկյան փորձը: Նրանք նաեւ մասնակցեցին տարբեր մշակութային միջոցառումների, ծանոթացան ամերիկյան ապրելակերպի հետ:

Բացի փոխանակման շրջանակներում պլանավորված հիմնական միջոցառումներից, հայ մանկավարժները հնարավորություն ունեցան մեկ շաբաթ մնալ իրենց գործընկերոջ ընտանիքում եւ նրա հետ մեկտեղ պլաններ մշակել իրենց հետագա համագործակցության համար: Այդ շաբաթվա համար ամերիկացի մանկավարժները առանձին օրակարգ էին մշակել իրենց գործընկերոջ համար, որը ներառում էր հանդիպումներ դպրոցի վարչական աշխատողների, մանկավարժների եւ աշակերտների, ինչպես նաեւ համայնքի անդամների հետ: Այդ ընթացքում նաեւ հայ մանկավարժները իրենց երկիրը ներկայացրին դպրոցի անձնակազմին ու համայնքի անդամներին Power Point ներկայացումների միջոցով:

Թե հայ եւ թե ամերիկացի մանկավարժները մասնակցեցին Քեմբրիջում կազմակերպված քննարկմանը: «Քեմբրիջ-Երեւան քույր քաղաքներ» ասոցիացիայի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ հրավիրված էին նաեւ սփյուռքահայության ներկայացուցիչներ: Հարց ու պատասխանի ժամանակ մանկավարժները կիսվեցին օնլայն ծրագրերի իրականացման գործընթացում իրենց ունեցած փորձով, ներկայացրին համագործակցություն հասկացության իրենց ընկալումը, ինչպես նաեւ նշեցին, թե որքանով է այն օգտակար իրենց դպրոցների եւ համայնքների համար: Նրանք հանդիպումներ ունեցան նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի, Կրթության վարչության եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:

Հայ մանկավարժները վերադարձան իրենց հայրենիք տպավորություններով լեցուն եւ իրենց այնքան անհրաժեշտ փորձով հարստացած: «Այս անմոռանալի տպավորությունները ինձ հետագայում շատ կօգնեն, քանի որ այդտեղ ես հնարավորություն ունեցա իմ երկրին այլ տեսանկյունից նայելու եւ ավելի պարզ տեսնելու նրա առավելություններն ու թերությունները”, ասաց հայ ուսուցիչներից մեկը:

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, հայ մանկավարժները փոխանցեցին իրենց գիտելիքները այլ դպրոցների ուսուցիչներին մի շարք դասընթացների ու գործնական պարապմունքների միջոցով: Նորանոր համագործակցություններ են հաստատվել նոր ընտրված ուսուցիչների միջ—, ովքեր հերթական օնլայն ծրագրերն են իրականացնում իրենց արտասահմանյան գործընկերների հետ, այդպիսով մեծացնելով համագործակցությունների թիվը եւ ամրապնդելով հայ ու ամերիկյան դպրոցների միջ— գործող համագործակցությունը:



ԱՄՆ-ի եւ Հայաստանի մանկավարժների փոխանակման ծրագիր
«Մանկավարժների փոխանակման ծրագիր` հանուն կայուն համագործակցության»

Քսաներկու ամերիկացի մանկավարժներ ԱՄՆ-ի տասնվեց նահանգներից ԱՄՆ-ի եւ Հայաստանի մանկավարժների փոխանակման ծրագրի շրջանակներում 2004թ. հուլիսի 20-30-ը այցելեցին Հայաստան: Փոխանակման այս ծրագիրը իրականացվում է Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում, որը հանդիսանում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կրթական եւ մշակութային կապերի բյուրոյի ծրագիրը: Փոխանակման նպատակն է ամրապնդել Հայաստանի եվ ԱՄՆ-ի դպրոցների միջեվ գոյություն ունեցող համագործակցությունը եվ հիմք դնել նորերին:

Հայ ուսուցիչների ընտրությունը կատարվեց, ամփոփելով Կրթության եւ գիտության նախարարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության հայաստանյան գրասենյակի կրթական բաժնի աշխատակիցներից կազմված հանձնաժողովի որոշման արդյունքները: Արդյունքում, բաց մրցույթով եւ մասնագիտական արժանիքների հիման վրա, ընտրվեցին քսաներկու հայ ուսուցիչներ եվ ԻՀԿ կենտրոնի աշխատակիցներ, ովքեր ներկայումս աշխատում են դպրոցում որպես մանկավարժ (տես մասնակիցների ցուցակը):

Հայաստանում ամերիկացի մանկավարժները ծանոթացան Հայաստանի մշակույթի եվ կրթական համակարգի հետ: Նրանք հանդիպեցին իրենց հայ գործընկերներին, ովքեր նրանց հյուրընկալեցին իրենց համապատասխան մարզերում: Խումբը մասնակցեց մի շարք մշակութային միջոցառումների, ինչպիսիք են համերգները, ընդունելությունները, այցելեց թանգարաններ եւ պատմական հուշարձաններ: Նրանց նաեվ հնարավորություն ընձեռվեց այցելել ՀԴՓԾ-ի ցանցում ընդգրկված դպրոցները, որտեղ թե հայ եվ թե ամերիկացի մանկավարժները Power Point ներկայացումներ կազմակերպեցին համայնքի անդամների եվ աշակերտների համար` վերջիններիս ներկայացնելով իրենց նահանգը/պետությունը, մարզը/քաղաքը եվ դպրոցը, որտեղ աշխատում են: Նրանցից յուրաքանչյուրն աշխատեց իր գործընկերոջ հետ համատեղ օնլայն ծրագրերի շուրջ, որոնք նրանք պետք է իրականացնեն գալիք տարվա ընթացքում, ինչպես նաեվ մշակեցին գործողությունների պլան: Որպես իրենց համատեղ աշխատանքի արդյունք, Երեւանում տեղի ունեցած եզրափակիչ սեմինարի ընթացքում յուրաքանչյուր զույգ պատրաստեց եվ ներկայացրեց իր ապագա պլանները:

2005 գարնանը հայ մանկավարժները մեկնեցին ԱՄՆ իրենց ամերիկացի գործընկերների մոտ, որի ժամանակ նրանք ամփոփեցին իրենց իրականացրած համատեղ գործունեությունը եվ մշակեցին հետագա համագործակցության քայլերը: Նրանք նաեվ ուսումնասիրեցին դասապրոցեսում տեխնոլոգիաների օգտագործման ամերիկյան փորձը եւ հարստացրին իրենց գիտելիքները գոյություն ունեցող օնլայն ռեսուրսները դասավանդման ընթացքում կիրառելու հնարավոր տարբերակների մասին:

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո հայ մանկավարժները ԱՄՆ-ում իրենց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը տարածեցին համապատասխան մարզերի իրենց գործընկերների շրջանում սեմինարների, դասընթացների եւ գիտելիքների մասնագիտական փոխանակման միջոցով, միաժամանակ շարունակելով իրենց ԱՄն համագործակիցների հետ ստեղծված համագործակցությունը:



Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական ծրագրի մշակում
Ծրագիրը կազմված էր երեք բաղադրիչներից՝ փոխանակում, փորձարկում եւ հրատարակություն: «Փրոջեքթ Հարմոնին» ծրագրին մասնակցելու եւ այն իրականացնելու համար ընտրել էր չորս հայ մանկավարժների՝ Մելանյա Աստվածատրյան, այանե Թերզյան, Հայկ Շարխաթունյան եւ Արտաշես Թորոսյան, որոնք ունեն ուսուցիչների վերապատրաստման ու մասնագիտական հրատարակությունների հարուստ փորձ: Աշխատանքային թիմը մեկ ամիս վերապատրաստվեց ԱՄՆ-ի Քենթի պետական համալսարանում: Համագործակցելով դասախոսների եւ ուսուցիչների հետ, որոնք արդյունավետ ձեւով օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաները դասապրոցեսում` աշխատանքային խմբի անդամները ծանոթացան ամերիկյան փորձին եւ մեթոդներին:

Հայաստան վերադառնալուց հետո թիմը մշակեց հայալեզու նյութեր, որոնք փորձարկվեցին Հայաստանի 11 մարզերի 24 դպրոցներում: Փորձարկում անցած եւ վերանայված նյութերը պատրաստվեցին հրապարակման:

Ծրագրի արդյունքում հրատարակվեց ուսուցչի ուսումնամեթոդական ձեռնարկ՝ «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում», որը հաստատվեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից` որպես ուսումնական ձեռնարկ հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:
Ծրագրի վերջնական ներկայացումը տեղի ունեցավ սույն թվի Մարտի 1-ին, Կոնգրես հյուրանոցում:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ /2003-2004/

Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի շրջանակներում Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության կողմից իրականացվող փոխանակման նախաձեռնություններից առաջինը Հայաստանի Քաղաքացիական կրթության ուսուցիչների փոխանակման ծրագիրն էր, որը մեկնարկեց 2003թ. հունիսի 23-ին: Այս ծրագրի շրջանակներում Կրթության եւ գիտության նախարարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության հայաստանյան գրասենյակի կրթական բաժնի աշխատակիցներից կազմված Հանձնաժողովի որոշմամբ լավագույն ճանաչված դիմորդները երկշաբաթյա այցով մեկնեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ մասնագիտական վերապատրաստման եւ I*EARN կազմակերպության կողմից իրականցվող դասընթացին մասնակցելու: 2003 թվականի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիական կրթության 10 ուսուցիչներ հնարավորություն ունեցան ուսումնասիրել կրթական բնագավառում տեխնոլոգիաների առավել արդյունավետ օգտագործման եւ դասապրոցեսում օնլայն ռեսուրսների միջոցով դասն առավել հետաքրքիր դարձնելու մանրամասներին, ինչպես նաեւ գործնական դասընթացների եւ այցելությունների ընթացքում ծանոթանալու դասապրոցեսում տեխնոլոգիաների օգտագործման ամերիկյան փորձին:

Երկշաբաթյա իրենց այցելության ընթացքում հայ ուսուցիչներն ուսումնասիրեցին ԱՄՆ ուսումնական հաստատություններում գործող ուսումնական պլանի եւ դսավանդման գործընթացի մանրամասները, որոնք առավել ուշագրավ ներկայացվեցին Էսեքս Ջանքշն ավագ դպրոցում, Մոնպելիեի ավագ դպրոցում, ինչպես նաեւ Հարվուդ միջինակարգ եւ ավագ դպրոցներում: Հարվարդի համալսարանում, Սուրբ Մայքլի քոլեջում, ինչպես նաեւ Միջազգային Վերապատրաստման Դպրոցում ներկայացված մասնագիտական սեմինարները եւ հանդիպումները ամերիկյան իրենց գործընկերների հետ հայաստանի քաղաքացիական կրթության ուսուցիչներին հնարավորություն ընձեռեցին ընդլայնել իրենց պատկերացումը ԱՄՆ կրթական համակարգի մասին: Այս փոխանակման ծրագրի շրջանակներում I*EARN կազմակերպության կողմից իրականացված 7-օրյա դասընթացի հիմնական նպատակը հայ մանկավարժներին օնլայն ծրագրերի իրագործման մեխանիզմներին ու գոյություն ունեցող օնլայն ռեսուրսները դասավանդման ընթացում կիրառելու հնարավոր տարբերակներին ծանոթացնելն էր:

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո հայ ուսուցիչները կմասնակցեն օնլայն դասընթացի, որի արդյունքում մասնակիցները պետք է մշակեն եւ իրականցնեն օնլայն ծրագրեր՝ ՀՀ «Իրավունք» առարկայաշարի թեմաներով: Նրանք նաեւ սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ եւ մասնագիտական քննարկումներ կծավալեն՝ փորձն ու ստացած գիտելիքները փոխանցելով քաղաքացիական կրթության իրենց գործընկերներին:


Վերջին փոխանակաման ծրագրի Դպրոցի տնօրենների վերապատրաստման նախաձեռնություն (ԴՏՎՆ) մասին տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով www.projectharmony.org/ac2k/sati/. Նախորդ փոխանակման ծրագրերի մասին տեղեկություներ կարող եք ստանալ այցելելով www.ac2k.am/eng/eduexch.html:




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA